Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը
Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրա կյանքը վտանգված է: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ հիմնվելով Սլովակիայի կառավարությունում իրենց աղբյուրներին:
The Guardian-ը հայտնում է, որ Ֆիցոյի վիճակը գնահատվում է «կյանքի համար վտանգ ներկայացնող»: Պարբերականի տվյալներով՝ նրան տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց, քանի որ մայրաքաղաք Բրատիսլավա հասնելու համար չափազանց շատ ժամանակ կպահանջվեր: Սակայն, սկզբում վարչապետին տեղափոխել են Գանդլովա քաղաքի հիվանդանոց։ Այդ ժամանակ Ֆիցոն եղել է գիտակից վիճակում:
Ֆիցոն հրազենային վիրավորում է ստացել Բրատիսլավայից 150 կմ հեռու գտնվող Գանդլովա քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն շենքի դիմաց, որտեղ Ֆիցոն հանդիպում էր անցկացնում իր կողմնակիցների հետ։
Ոստիկանները բերման են ենթարկել կրակողին: Նրա դրդապատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ֆիցոն մի քանի վերք է ստացել, այդ թվում՝ որովայնի խոռոչի շրջանում։ EFE գործակալությունը հայտնում է, որ կրակողը Սլովակիայի հարավ-արևելքում բնակվող 71-ամյա տղամարդ է: Ականատեսների վկայությամբ՝ նա զբոսնել է մոտակայքում: Տեսնելով, որ վարչապետը դուրս է գալիս շենքից, որպեսզի զրուցի տեղի բնակիչների հետ՝ նա արագ հանել է զենքը և կրակ է բացել։ Ականատեսները չորսից-հինգ կրակոց են արձանագրել: Անվտանգության ուժերը միանգամից անշարժացրել են կրակողին և հեռացրել դեպքի վայրից։
Տեսանյութն՝ այստեղ։