Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց
Լոռու մարզի պարեկները մայիսի 11-ի ժամը 21-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու, որը պարեկներին տեսնելով՝ փորձել է փախուստի դիմել: Պարեկները մոտենալով՝ նրա գոտկատեղին զենքի նմանվող առարկա են նկատել: Քաղաքացին ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։
Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ պահեստատուփում եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով 2 դանակ, պարսատիկ, կաթուցիչ, պոլիէթիլենային տոպրակում՝ տարբեր չափսերի մետաղական գնդիկներ և հեղյուսներ, էլեկտրապատիճ սարք: Բացի այդ, տղամարդու գուլպայի միջից հայտնաբերվել է 0,95 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: