Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի մեկի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Օրենքի կիրառման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ:
Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով», -ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ 2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը: