Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի երկու բնակավայր
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Խարկովի ուղղությամբ՝ Լուկյանցևի և Վոլչանսկի շրջաններում, ուկրաինական զորքերը նահանջել են՝ զինծառայողների կյանքը փրկելու և կորուստներից խուսափելու համար։
Երեքշաբթի երեկոյան Խարկովը հերթական հրթիռակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով տուժել է 12 հարկանի բնակելի շենք, վիրավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չեղարկել է ծրագրված այցերը Իսպանիա և Պորտուգալիա՝ ռազմաճակատում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով:
Ըստ վերջին տեղեկությունների, Միացյալ Նահանգները և Ուկրաինան շուտով կստորագրեն անվտանգության երկկողմ համաձայնագիր, Վաշինգտոնը ևս 2 միլիարդ դոլար կհատկացնի Կիևին: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Կիև կատարած այցի ժամանակ։
«Մենք չենք խրախուսել կամ թույլ չենք տվել հարվածներ հասցնել Ուկրաինայի սահմաններից դուրս, բայց, ի վերջո, Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, թե ինչպես պայքարի այս պատերազմում»,- ասել է պետքարտուղարը: