Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
Ինդոնեզիայի արևմուտքի Սումատրա կղզում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով առնվազն 67 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Եվս 20 մարդ անհետ կորած է։
Տարերային աղետների կառավարման ազգային գործակալության ղեկավար Սուհարյանտոն հայտնել է, որ հեղեղումներից տուժած շրջաններ են ուղարկվել զինվորներ և ոստիկաններ՝ օգնելու տարհանման և անհետ կորածների որոնողական աշխատանքներում։
Պաշտոնյան նշել է, որ իշխանությունները դիտարկում են տուժածներին այլ բնակավայր տեղափոխելու տարբերակը՝ կանխելու նման ողբերգական իրադրություններն ապագայում։
Ինդոնեզիայում հեղեղումները սկսվել են մայիսի 11-ից։ Հորդառատ անձրևների պատճառով կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են իջել ներքև։