Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու ձախողված փորձ. բացահայտում
Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։
Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ կապ և մեկ ականջակալ, իսկ բժշկական կենտրոնի վերելակի աթոռի տակ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, մեջը` բժշկական ձեռնոցի առանձնացված մասերից պատրաստված երեք փաթեթ` լցված մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով, ընդհանուր 28,31 գրամ քաշով։
Վաղարշապատի քրեական հետախույզներն անցան գործի, արագ ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելիս, հաղորդում ստանալուց մոտ երկու ժամ անց, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Վաղարշապատ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, նաև մեկ փաթեթ, որի մեջ կար մեթամֆետամինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ երևանցին քրեակատարողական հիմնարկի մի կալանավորի մատնանշած վայրից՝ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում գտնվող մի բակից, ապրիլի 28-ին վերցրել է հեռախոսներն ու տեխնիկան, թմրամիջոցները և, նախնական համաձայնության գալով, դրանք թաքցրել է հիվանդանոցում: Սակայն բուժօգնության տեղափոխված կալանավորը, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել դրանք վերցնել:
41-ամյա երևանցին Վաղարշապատի քննչական բաժնում ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: