Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները:
Գլխավոր դատախազն անդրադարձել է 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացված «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ Խորհրդաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն Խորհրդաժողովի հաջողումն ու ընդլայնված աշխարհագրությամբ մասնակցությունը գնահատել է Գլխավոր դատախազության հետ ամրապնդված համագործակցության արդյունք և հանրապետության գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև փոխգործակցության այլ ուղղությունները: