Ինչո՞ւ են մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացած Օպերայի շրջակայքում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը:
Հայտարարությունում ասվում է. «Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել է շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել որոշ ԶԼՄ-ների կողմից։
Եվս մեկ անգամ պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:
Կադրերում երեւում է, որ ոստիկաններին մահակներ են բաժանում:
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: