ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը․ Գալուզին
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը և հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Լրագրողը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն և Երևանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, սակայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տարաձայնությունները պահպանվում են:
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ Հենց դրանով է զբաղվում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ», - ասել է Գալուզինը։