Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
Սլովակիայի Հանրապետությունը մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը և դեմ է քվեարկել դրա ընդունմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Սլովակիայի ֆինանսների նախարար Լադիսլավ Կամենիցկին։
«Սլովակիան սկզբունքորեն դեմ է ցանկացած ֆինանսական պարտավորությունների սահմանմանը այն պետությունների վրա, որոնք հրաժարվում են ընդունել անօրինական միգրանտներին»,-շեշտել է Կամենիցկին:
Նախարարի խոսքով՝ միգրացիոն պայմանագրի ընդունման դեմ տարբեր ձևերով արտահայտվել են նաև Ավստրիան, Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Միգրացիայի և ապաստանի մասին պայմանագիրը, որը ներառում է ԵՄ միգրացիոն բոլոր չափանիշների խստացումը։ Այն նախատեսում է ԵՄ սահմաններում ֆիլտրացիոն ճամբարների ստեղծում այն միգրանտների համար, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն, որպեսզի հեշտացվի նրանց հետագա արտաքսումը իրենց հայրենիք: Միաժամանակ ներդրվում է միգրանտների քվոտային վերաբնակեցում ԵՄ երկրներում, որից կարելի է հրաժարվել հատուկ հիմնադրամին որոշակի վճար վճարելով։