OCCRP-ն ներկայացրել է Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարի ունեցվածքի մասին աղմկահարույց տեղեկություններ
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) հետաքննության ընթացքում բացահայտել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Բայլար Էյուբովի ընտանիքի ունեցվածքի մասին աղմկահարույց տեղեկություններ:
Էյուբովն իր պաշտոնում աշխատել է ավելի երկար, քան Իլհամ Ալիևը. ավելի վաղ նա ղեկավարել է Հեյդար Ալիևի անվտանգության ծառայությունը: OCCRP-ի հետազոտությունը պարզել է, որ Էյուբովներն անշարժ գույք ունեն Մեծ Բրիտանիայում և Դուբայում, որոնց ձեռքբերումն արժեցել է առնվազն 160 մլն դոլար: Էյուբովի կնոջ և դստեր անունով Հյուսիսային Լոնդոնի միևնույն փողոցում երեք շքեղ առանձնատուն է գրանցված: Էյուբովի դուստրն ունի նաև երկու պենտհաուս և շքեղ բնակարան քաղաքի կենտրոնին ավելի մոտ, ևս մեկ բնակարան Քենթերբերիում և տուն ծովափնյա Դորսեթ քաղաքում: Նշվում է, որ ընտանիքն իր ակտիվները պահում է Մեծ Բրիտանիայում գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք ձեռք է բերել 2007-ից 2018 թվականներին: Լրագրողներին չի հաջողվել բացահայտել այդ ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները:
Դուբայում, որտեղ անշարժ գույքի սեփականատերերի մասին տվյալները սովորաբար հասանելի չեն հանրությանը, Էյուբովը և նրա ընտանիքի մի քանի անդամ, ըստ բացահայտված փաստաթղթերի, ունեն վիլլաներ և գրասենյակային տարածքներ:
Էյուբովի կինը բաժնեմասեր ունի նաև երկու ձեռնարկությունում՝ Լոնդոնի հայտնի սրճարաններից մեկում և Վրաստանի Բաթում քաղաքում գտնվող բարձրակարգ հյուրանոցում:
Հետաքննությունը, սակայն, չի բացահայտել Էյուբով ընտանիքի հարստության աղբյուրը: Առնվազն մինչև 2020 թվականը Էյուբովի պաշտոնական տարեկան աշխատավարձը չի գերազանցել 22,000 ԱՄՆ դոլարը: Նրա կնոջ ներկայիս աշխատանքային կարգավիճակն անհայտ է, սակայն 2016 թվականին նա եղել է Ադրբեջանի Բուսաբանության պետական ինստիտուտի աշխատակից: Իսկ Էյուբովի դուստրն ապրում է Մեծ Բրիտանիայում: