Բագրատ Սրբազանի կոչով փողոցներ են փակվում. Երթեւեկությունը պարալիզացվում է. Ուղիղ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նա նախօրեին կայացած հավաքում հայտարարել է. «Ես ասում եմ, վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»:
Հիշեցնենք, որ նախօրեին վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ: