Կատալոնիայի խորհրդարանի ընտրությունում անկախության կողմնակիցները զրկվել են մեծամասնությունից
Կատալոնիայում մայիսի 12-ին տեղի է ունեցել տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունը։ Անկախության կողմնակիցները, որոնք մեկ տասնամյակ կառավարել են Կատալոնիան, կորցրել են խորհրդարանական մեծամասնությունը:
Առաջին տեղը զբաղեցրել է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը, որը ստացել է 135 մանդատից 42-ը: 35 տեղով երկրորդ տեղում է տեղական իշխանության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը, որը սատարել է տարածաշրջանի անկախությանը Իսպանիայից։ Միևնույն ժամանակ կատալոնական ամենահայտնի անջատողական կուսակցություններից մեկը՝ «Կատալոնիայի հանրապետական ձախերը», կորցրել է 13 մանդատ և խորհրդարանում զբաղեցրել երրորդ տեղը՝ 20 մանդատով։
Ընտրության արդյունքների համաձայն՝ ոչ մի կուսակցություն խորհրդարանում չի ստացել բավարար թվով մանդատ՝ տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնին ինքնուրույն թեկնածու առաջադրելու համար։ Մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 135 մանդատ ունեցող տարածաշրջանային խորհրդարանում ստանալ 68 մանդատ։
Կառավարության ձևավորման նպատակով կուսակցությունները ստիպված են բանակցություններ սկսել կոալիցիա ստեղծելու համար։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել կոալիցիոն կառավարության ձևավորումը տարածաշրջանի անկախությանը սատարող կուսակցությունների ներկայացուցիչներից։