Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Համազգային շարժում
Նախաբան
Կարծում եմ՝ մեծամասնության համար ակնհայտ է, որ 2018-ին հայ հանրությունը փողոց էր դուրս եկել ոչ թե այսօրվա ազգակործան պատուհասին իշխանության բերելու, այլ՝ ընդվզելու նախկին իշխանությունների լրջագույն ու համակարգային սխալների դեմ, որոնք երկիրը հասցրել էին շատ ծանր հանգրվանի: Այդ քաղաքականության արդյունքում էր, որ ապականվեց ներքաղաքական դաշտը՝ վերածվելով «հաճախորդների» ինստիտուտի: Դեգրադացվեցին մշակույթն ու կրթությունը, խեղվեցին արդարադատության և ընտրական համակարգերը, ահագնացան աղքատության և արտագաղթի տեմպերը, իսկ Արցախի հարցում անդունդ առաջացավ մեզ տարիներով մատուցած սին լավատեսության, մեր ունեցած երազանքների և իրականության միջև…
Եվ այն բացարձակ ողբալի, աղետալի իրականությունը, որը բերեց քպ-ական կոլլաբորացիոնիստական իշխանությունը, բոլորովին չի արդարացնում մինչ այդ վարած կործանարար քաղաքականությունը, որովհետև ազգակործան պատուհասի իշխանության հայտնվելը հենց վերը նշածս երևույթների ուղիղ հետևանք էր:
Ասածիս անհերքելի ապացույցն է այն, որ նույնիսկ Արցախյան ողբերգության ֆոնին 2021թ. ընտրություններում ընդդիմությունը չկարողացավ հաղթել, իսկ որոշները չկարողացան նույնիսկ մինիմալ ընտրական շեմը հաղթահարել, որից, ցավոք, ցայսօր հետևություններ չեն արվել: Ավելին, մինչ օրս երկրի վզին շղթայված սահմանադրությունն է, որ ահավոր բարդացրել է այս պատուհասից ազատվելու գործը:
2018-ի ցույցերը հրապարակայնորեն համակարգող ստահակը, ոչ միայն չուներ լուրջ աջակցություն(դաշինքով հանդերձ՝ պաշտոնապես 7%), այլև հանրության ճնշող մեծամասնության համար անընդունելի էր, շատերի համար՝ նույնիսկ զզվելի: Բայց ճշգրիտ քաղաքական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ մորուքը դիմակ դարձրած պատուհասը գերազգային հռետորաբանությամբ, կոչերով ու խոստումներով շահագործեց հանրության դժգոհությունը, խաբեց, պառակտեց հայ հանրությանը, մերժում, ատելություն ու
քաոս սերմանեց երկրում՝ իր իշխանության երկարամյա տենչը բավարարելու համար:
Այժմ ևս, արդեն պետական դավաճան համարվող քաղաքական գործչի և նրա թիմի տխուր գոյությունը հիմնված է միայն մերժումի, քաոսի, պառակտման ու ատելության վրա:
Ինչ ունենք այսօր:
Քաղաքական ավերակված դաշտի ֆոնին՝ աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու և Բագրատ Սրբազանի, ձևավորելով մի շարժում, որն ամբողջությամբ «հանուն է»: Հանուն ազգային ինքնամաքրման, հանուն ներազգային հաշտեցման, հանուն կեղծիքից,ստորացումից ձերբազատվելու, հանուն ճշմարտության ու ազգային արժեքների պահպանման, հանուն պետականության ու ինքնության հարատևման:
Այս իմաստով, եթե Աստված մի արասցե, այս շարժումը չհաջողի, այն նույնքան դաժան կլինի մեզ համար, որքան Արցախյան պատերազմի պարտությունը: Որովհետև, եթե Արցախի կորուստը ֆիզիկական ու բարոյական կորուստ էր, սա կլինի հոգևոր կորուստ, և անդառնալի հետևանքներ կունենա մեր պետության ու ինքնության հետագա գոյության վրա: Կկործանվի վերջին հիմնասյունը, որի վրա հենված դեռ փորձում ենք դիմադրել, պայքարել,հաղթել ներքին և արտաքին թշնամուն:
Առաջնորդը՝ Բագրատ Սրբազանը, ունի անցած փայլուն ուղի, անբասիր հետագիծ: Վայելել ու վայելում է հանրության սերը, վստահությունն ու աջակցությունը, կիսում ու ապրում է հայության ցավն ու տառապանքը, և ունի խորհելու, առաջնորդելու, հաշտեցնելու, ոգեշնչելու, հուսադրելու անգնահատելի հատկություններ: Չի հարում ոչ մի քաղաքական ուժի, կուսակցության: Երբևէ իշխանության հայտ չի ներկայացրել: Թվարկումը կարելի է շարունակել…
Սրանք արժեքներ են, որոնք բացարձակապես բացակայում են քպ կոչվող խմբակի մոտ՝ գրեթե առանց բացառության, և հատկապես նրանց ղեկավարի: Եվս մեկ անգամ ուշադիր կարդացեք թվարկումը, համեմատեք և կհամոզվեք:
Հետևապես, իմ խոնարհումն ու զորակցությունն եմ հայտնում շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին:
Վերոնշյալ պատճառներով վստահ եմ, որ ստեղծված պայմաններում նրա թեկնածությունը լավագույնն է(եթե ոչ միակը) անցումային շրջանում երկիրը քաոսից հանելու համար:
Անկախ քաղաքական հետագա զարգացումներից՝ համոզված եմ, որ առնվազն կունենանք բարոյական արժեքներով, արդարամիտ, սկզբունքային ու իմաստուն ղեկավար, ով կվերականգնի մեր մասնատված իրականությունը ընտանեկան, ընկերական շրջապատում, կհամախմբի ու կմոբիլիզացնի Հայաստանի և Սփյուռքի լավագույն որակները, շուրջը չի ունենա այնպիսի անարժեք, անադեկվատ, պատահականությունների հավաքածու, ինչպիսիք այսօր լցված են Ազգային Ժողովում և կառավարությունում (նախագահականի մասին խոսելն էլ ավելորդ է):
Վաղուց ժամանակն է վերջ դնելու «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» կործանարար, դավաճանական թեզին:
Վստահ եմ, որ եթե վերագտնենք մեր իդեալները, ստեղծենք պետականակերտ գաղափարախոսություն՝ համեմված կոնկրետ, իրատեսական ու ծրագրային քայլերով, ապա մեր ազգը նորից հրաշքներ կգործի...
հ.գ. քաղաքական բոլոր ուժերին կմաղթեի իմաստություն` օգտվելու Սրբազանի ընձեռած բացառիկ հնարավորությունից, խոստովանել մեղքերն ու ներում ստանալ նրանից, եթե ուզում են իրենց գոյությունը պահպանել Հայաստանի քաղաքական իրականության մեջ։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
պ.գ.թ., միջազգայնագետ
Արսեն Ջուլֆալակյան»։