Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին՝ շարունակվող ցույցերի ֆոնին
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հերթական հանրահավաքն են անցկացնում մայիսի 12-ից։ Նրանք խորհրդարանին են մոտեցել Ռուսթավելի պողոտայով և գիշերը մնացել այնտեղ, որպեսզի մայիսի 13-ի առավոտյան պատգամավորներին խանգարեն սկսել նախաձեռնության երրորդ ընթերցմամբ քննարկումն իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Մայիսի 13-ի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է խորհրդարանի ծառայողական մուտքերից: Ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի քաղաքացիներ։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Դրա դեմ հանդես են եկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ օրինագծի նպատակը երկրի ակտիվ քաղաքացիական հասարակության խաթարումն է:
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդում են, որ օրինագիծը ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների՝ արտասահմանից ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը։ Զուրաբիշվիլին ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով:
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ օրենքի ընդունման։ Մի քանի անգամ ցույցերը վերաճել են բախումների․ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրանետիչներ: