ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել
Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
Որևէ նախանշան չկա, որ 62-ամյա Ռիչարդ Սլեյմանը մահացել է վիրահատության պատճառով, նշում են բուժհաստատությունից։
Բոսթոնի բնակիչն ուներ երիկամների ծանր հիվանդություն. նրան փոխպատվաստվել էր խոզի երիկամ, որը ենթարկվել էր 69 գենոմային փոփոխության, ինչը, ըստ մասնագետների, ազդարարում էր օրգանների փոխպատվաստման միանգամայն նոր դարաշրջան:
Չնայած, որ բժիշկներն ասում էին, թե Սլեյմանը «լավ է ապաքինվում», ապրիլի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, նա մահացել է: