Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
Լիտվայում մեկնարկել է նախագահական ընտրությունների և երկքաղաքացիության ներդրման հարցով հանրաքվեի քվեարկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ընտրելու իրավունք ունի երկրի 2,889 մլն բնակիչ և հանրապետության արտերկրում գտնվող 2385 քաղաքացի:
Մայիսի 12-ին անցկացվող նախագահական ընտրություններն ութերորդն են Լիտվայի անկախությունից ի վեր: Այդ նպատակով երկրորւմ բացվել են մոտ 1900 ընտրատեղամասեր: Միաժամանակ՝ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիության ներդրման հարցով։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։ Նրանցից չորսն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, չորսն՝ ինքնաառաջադրվել։ Ըստ փորձագետների և սոցիոլոգիական հարցումների՝ ֆավորիտներն են գործող նախագահ 59-ամյա Գիտանաս Նաուսեդան, որը հավակնում է երկրորդ ժամկետի, վարչապետը՝ 49-ամյա Ինգրիդա Սիմոնիտեն և անկախ թեկնածու, իրավաբան 48-ամյա Իգնաս Վեգելեն:
Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Եթե մայիսի 12-ին թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի գրանցել այդ արդյունքը, ապա երկու շաբաթ անց կկայանա երկրորդ փուլ՝ նախորդի երկու առաջատարների մասնակցությամբ։