Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
Ուկրաինական ուժերի լայնածավալ գնդակոծության հետեւանքով Բելգորոդում փլուզվել է բազմահարկ շենքի մուտքը։ Այդ մասին ասել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը ենթարկվել են զանգվածային գնդակոծության Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից մինչև առաջին հարկ»,- ասել է նա։
Նշվում է, որ փլուզման հետևանքով տուժել է ինը մարդ, բնակիչներին այժմ տարհանում են։
«ՌԴ ԱԻՆ փրկարարները Բելգորոդում բնակելի շենքի փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում։ Այս պահին 12 մարդ է փրկվել, այդ թվում՝ երկու երեխա»,- նշել են ՌԴ ԱԻՆ-ից։