Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել իրանահայերի և իրաքահայերի միության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով և նախաձեռնություններով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քարոզչական ապատեղեկատվության տարածման խնդիրներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը Միության ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ինչպես նաև պետության անվտանգային համակարգն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք օրակարգային հարցերի, առկա խնդիրների լուծման հնարավորությունների և համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային և համալիր խնդիրները հոգալու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կյանքի կոչման հեռանկարները:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադառնալով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական, հասարակական, տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում առկա անցուդարձերին:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: