«Մանչեսթեր Սիթին» հաղթեց խոշոր հաշվով և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Ֆուլհեմին» 4-0 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Յոշկո Գվարդիոլը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Ալվարեսը (11մ)։
Նշենք, որ այս խաղում երկու գոլային փոխանցում է կատարել Սիլվան, ևս մեկ փոխանցում՝ Դե Բրույնեն։
«Մանչեսթեր Սիթին» այժմ ունի 85 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ֆուլհեմը» 44 միավորով 13-րդն է։
Նշենք, որ Գվարդիոլը իր վերջին 7 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ։
Իսկ ահա Կևին Դե Բրույնեի գոլային փոխանցումը Յոշկո Գվարդիոլին դարձավ բելգիացու համար 111-րդն այս առաջնությունում։ Այսպիսով, կիսապաշտպանը գոլային փոխանցումների քանակով հավասարվեց Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին։
Այս ցուցանիշով նրանք ներկայումս զբաղեցնում են երկրորդ տեղն Անգլիայի առաջնությունում՝ զիջելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզին, ով դարձել է 162 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։