Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են, Գրիգորյանը ձախողել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, ինչը Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումն էր, եթե չասենք՝ այն ներկայացվում էր որպես աննախադեպ ռեֆորմ։
Ավելի քան մեկ տարի է անցել կնքված պայմանագրից՝ համաձայն որի, գործընթացը պետք է կյանքի կոչվեր, բայց դեռ ոչինչ չի արվել։ Մենք գրել էինք, որ կան տեխնիկական բազում խնդիրներ․ մրցույթը շահած միակ ընկերությունը՝ «Թել Սել» ՓԲԸ-ն, պայմանագրով նախատեսված պարտականությունների՝ ընթացակարգային համապատասխանեցում սահմանված ժամկետներում չի իրականացրել, այնպիսի սարքեր չեն տեղադրվել փոխադրամիջոցներում, որ հնարավոր լինի ոչ միայն Թել-Սել համակարգով օնլայն վճարումներ կատարել, այլեւ բանկային քարտերով եւ հեռախոսային այլ հավելվածներով Բոլոր հիմքերը կան՝ լուծելու պայմանագիրը, սակայն Տիգրան Ավինյանը չի գնում դրան, որ դուրս չգա, թե խաբել է երեւանցիներին եւ համակարգը չի գործելու։
Հակառակը՝ ամեն գնով փորձում է կյանքի կոչել միասնական տոմսային համակարգը եւ դեռ ամիսներ առաջ հանձնարարել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, որն ի սկզբանե այս գործարքի կուրատորն է եղել, Կենտրոնական բանկի հետ բանակցել եւ սեղմ ժամկետում գլուխ բերել համապատասխանեցման գործընթացը։ Սակայն ԿԲ-ն առանձնապես խանդավառված չէ այդ գործընթացից, քանի որ քաղաքապետարանի եւ հիշյալ ընկերության միջեւ կնքված պայմանագիրը բազմաթիվ խութեր է պարունակում։
Բացի այդ տեղեկացանք, որ ԿԲ-ից գլխի են քցել՝ եթե QR կոդի տեսքով անժամկետ տոմսեր վաճառեն, ցանկացած մեկը կարող է պատճենել կոդը, հարյուր հոգու տալ ու նրանք էլ օգտագործեն։ Ավինյանը հասկացել է, որ «պռավալ» է գնում ողջ գործընթացը, Սուրեն Գրիգորյանի առջեւ հարց է դրել՝ կամ գոնե QR համակարգի անվտանգությունը ապահովել ու վերջապես գործընթացը կյանքի կոչել/ նշենք, որ միասնական տոմսային քարտեր կգործեն QR կոդով/, կամ իր փոխքաղաքապետի պաշտոնը կասկածի տակ կդրվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: