Դուշանբե չվերթի ժամանակ ուղևորուհին ծննդաբերել է ինքնաթիռում
Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ օդանավում երեխա է ծնվել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։
«Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթը Ժուկովսկուց Դուշանբե էր թռչում, և բարձրություն հավաքելուց հետո ուղևորներից մեկը սկսել է բարձր բղավել։ Ինչպես պարզվել է, կնոջ ծննդաբերելու ժամանակն էր, և նրան օգնության են հասել բորտուղեկցորդուհիները և ուղևորներից մեկը։
«Իրավիճակի մասին անմիջապես զեկուցվել է օդանավի հրամանատարին։ Քանի որ ծնունդն անցել է առանց բարդությունների, վթարային վայրէջքի կարիք չի եղել», – ասել է ավագ բորտուղեկցորդուհի Անաստասիա Սեմենովան:
Մայրն ու երեխան բժիշկներին են հանձնել իրենց նշանակման օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ Ուղևորները, ովքեր ականատես են եղել երեխայի ծնունդին, աղջկա համար «օժիտ» են հավաքել՝ 55 հազար ռուբլի։