«Ես Հայ առաքելական եկեղեցու կողքին եմ». Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը Հանրապետության հրապարակում է
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը եւս միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, նա այս պահին Հանրապետության հրապարակում է:
«Մենք Հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, մասնակցում ենք այս հանրահավաքին: Ես այն մարդը չեմ, որ ակնկալիքներով խոսեմ կամ ժամանակից շուտ կարծիքներ հայտնեմ: Մեր քաղաքացիների պես մասնակցում ենք: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է Հայ առաքելական եկեղեցու կողքին լինի»,-News.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:
Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։