ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկին։ Մոնղոլիան ԵԱՏՄ դիտորդ երկրներից է:
Որոշումն ընդունվել է չորեքշաբթի Մոսկվայում ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության տվյալով՝ սկզբնական փուլում Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կընդգրկի արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների սահմանափակ տեսականի՝ մոտ 400 ապրանք։ Ապագայում կողմերը կկարողանան պայմանավորվել ազատ առևտրի լայնածավալ համաձայնագրի կնքման շուրջ։
Ներկայումս Մոնղոլիան ունի միայն մեկ պայմանագիր Ճապոնիայի հետ, որը սահմանում է առևտրի արտոնյալ պայմաններ։ Մյուս երկրները Մոնղոլիայի հետ նման ռեժիմ չունեն։