Պեսկովը կոչ է արել ՀՀ և ՌԴ հարաբերություններում առկա դժվարությունները չուռճացնել
Պետք չէ չափազանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների դժվարությունը։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խնդրահարույց թեմաներ կան, սակայն դրանով առավել սերտ է փոխգործակցությունը։
«Պետք չէ չափազանցել զրույցի բարդությունը։ Անխոս, մեր երկկողմ հարաբերություններում կան խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից՝ դրանով առավել սերտ է երկու երկրի համագործակցությունը, առավել լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, առավել հաճախ են հանդիպում և առաջանում տարբեր խնդիրներ»,- ասել է նա։
Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման հեռանկարի առումով լավատեսությամբ է լցված․ դրա հնարավորությունը կա։
«Կողմերի փոխադարձ հետաքրքրվածությունը կա, երկկողմ հարաբերությունների պոտենցիալը կա։ Այդ իսկ պատճառով մենք այս հարցում հակված ենք լավատեսության»,- նշել է Պեսկովը։