Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներ է ուղարկել ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Շնորհավորանքում Պուտինը վստահություն է հայտնել, որ եղբայրական բարեկամության կապերը հուսալի հիմք կմնան հարաբերությունների զարգացման համար։ Բացի այդ, ՌԴ ղեկավարն ամենաանկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ նրանց մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն, ոգու կայտառություն և երկարակեցություն։