Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․
«Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կոչը.
«Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը:
Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:
Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման»։