Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից 2 դրվագ
Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 62 և 57 տարեկան երկու տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Հիմնավոր կասկածաքով նախ ձերբակալվեց և, իր «Մերսեդեսով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 62-ամյա տղամարդը։ Այնուհետև ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 57-ամյա տղամարդը։
Անձնական խուզարկությամբ 62-ամյա տղամարդու մոտ հայտանաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նա հայտնեց, որ մեքենայում ունի նաև սպիտակ հեղուկով լցված ներարկիչներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ 57-ամյա տղամարդու մոտ էլ հայտնաբերվեցին մեթադոնի նմանվող հեղուկով ներարկիչ և 2 փաթեթ՝ մարխուանայի նմանվող զանգվածով։
Տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, իսկ «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ մի տեղեկություն էլ Վաղարշապատի քրեական հետախույզներն իրացրին մայիսի 3-ին։ Վաղարշապատ քաղաքի Կոմիտասի հրապարակում Արշալույս գյուղի բնակիչներ 46, 45 և 36 տարեկան երեք տղամարդ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և, 45-ամյա տղամարդու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են բաժին։ Անձնական խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: