Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ դիվանագիտական և քաղաքական միջոցներով։ Այդ մասին նշված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում։
«Չինաստանը և Ֆրանսիան հավաստում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու համար», - նշված է Մերձավոր Արևելքի վերաբերյալ համատեղ հայտարարությունում։
Փաստաթղթում ընդգծված է, որ Պեկինը և Փարիզը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) համարում են «բազմակողմ դիվանագիտության կարևոր ձեռքբերում»։
«Նրանք անհանգստացած են էսկալացման վտանգից և կրկին հայտարարում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության և դիվանագիտական ջանքերի կարևորությունը», - պարզաբանվում է փաստաթղթում։
Երկու կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել նպաստելու միջազգային մեխանիզմների պահպանմանը, որոնք ապահովում են միջուկային զենքի չտարածումը, միասին նպաստել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
ԳՀՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ այդ համաձայնագրից։
ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ 2021 թվականի ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ էին վարում իրանական կողմի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն բանակցությունները մտել են փակուղի: