Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան
Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են:
Այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար»:
Փաշինյանը հիշեցրեց՝ երկար ժամանակ խոսել է այն մասին, որ գտնվում ենք մի իրավիճակում, որ անվտանգության երաշխիքներ չկան: Հետևաբար` այս պայմաններում վարչապետը կարևորեց անվտանգության երաշխիքներ ստեղծելը:
«Սահմանազատում ենք անում, բայց դա նպատակը չէ, սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում: Եվ սահմանային սյուները անվտանգության երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են»,-ասաց նա: