Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատումն այս պահին իրականացվում է Խորհրդային միության ամենավերջին՝ իրավաբանական ուժ ունեցող քարտեզների հիման վրա:
Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում:
«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա»,–ասաց վարչապետը:
Թե ինչու են խուսափում ասել, թե սահմանազատումը կոնկրետ որ քարտեզի հիման վրա է արվում, Փաշինյանը պատասխանեց, որ չեն ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել: «Ճիշտ է՝ մենք հիմա Կիրանցի հատվածում ենք անում սահմանազատումը, բայց մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Եվ մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում»:
Վարչապետը վստահեցրեց, որ նախկինում այս թեմայով արած հայտարարություններից չեն շեղվել, գործում են այդ տրամաբանությամբ: Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանները: