Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան խմբակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը չմնա որպես վարչապետի պաշտոնակատար:
Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
«Բայց պայմանը պետք է լինի պայման՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար: Ասում են ՝ երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել. հրաժարական է տվել, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն՝ հրաժարական է տվել, թե ոչ»,–ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը առաջարկել էր վայր դնել մանդատները, որ արտահերթ ընտրություններ լինեն: