Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և միացել են պայքարին։
Նրանք ևս մասնակցում են քայլերթին, մյուս մասնակիցները ծափերով են ողջունել եզդիական համայնքի ներկայացուցիչներին։
«Ոսկեպարում, Կիրանցում եզդիական համայնքի մեր սիրելի եղբայրները անընդհատ այցելել են մեզ։ Ողջունում եմ ձեզ։ Բոլորիս համար չափազանց կարևոր է ձեր ներկայությունը, որովհետև Հայաստանը ձեր պետությունն է, մեծ վաստակ ունեք բոլոր պատերազմներին՝ ձեր մասնակցությամբ, մեր պետության կայացման գործում՝ որպես ոչ թե փոքրամասնություն, այլ ամբողջություն։ Մեզ համար այդ տերմինը չի գործում»,- դիմելով եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
«Պայքարին մեր միանալը մեկ նշանաբան ունի, որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում անվտանգ պայմաններում իր օրորոցը դնելու տեղ ունենա, որն մայրն իր երեխայի համար իր մայրենի լեզվով օրորոցային երգի ու չվախենա, որ կարող է յաթաղան ճոճվել»,- ի պատասխան՝ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչը։