Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ԵԽ աշխատաժողովին
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակներում կազմակերպվող՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ աշխատաժողովին:
Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար: Լևոն Բալյանը նշել է, որ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության միջև համագործակցության ընդլայնումն ու խթանումը կնպաստեն ծառայությունների կողմից առավել արդյունավետ աշխատանքի իրականացմանը, մասնավորապես՝ վերասոցիալականացման գործընթացների մշակման և իրականացման նոր ուղիների ձևավորմանը, հնարավոր բացերի և մարտահրավերների բացահայտմանը:
Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության հիմնական ուղիները, դատապարտյալների վերաինտեգրման գործում համագործակցության կարևորությունը, քրեակատարողական հիմնարկից պրոբացիային հաջող անցման ռազմավարությունները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի դերերը:
Քննարկումներին հաջորդել է հարց ու պատասխան, որից հետո մասնակիցները իրականացրել են խմբային աշխատանք՝ ներկայացնելով քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայության և ՊՈԱԿ-ի միջև համագործակցության խթանման վերասոցիալականացման ծրագրերի մշակման և իրականացման հնարավոր ուղիները:
Աշխատաժողովին մասնակցել են նաև Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների։