Փարիզում մեկնարկել են Մակրոնի, Ֆոն դեր Լայենի և Սի Ծինփինի բանակցությունները
Երկուշաբթի Ելիսեյան պալատում մեկնարկել է Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը, որին հրավիրված է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, բանակցությունների մեկնարկից առաջ իր բացման խոսքում Մակրոնը կողմ է արտահայտվել ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրում «բոլորի համար արդար կանոններ» սկզբունքին և ընդգծել, որ Պեկինի հետ Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի հարցով «համակարգումը» «վճռորոշ նշանակություն ունի»:
Քննարկումից առաջ Սի Ծինփինն իր հերթին հույս է հայտնել, որ փարիզյան հանդիպումը «կուժեղացնի Եվրոպայի հետ աշխատելու մեր պատրաստակամությունը»։ Չինաստանի ղեկավարը նաև վստահեցրել է, որ «ռազմավարական տեսանկյունից Պեկինը միշտ մեծ նշանակություն է տվել Եվրոպայի հետ հարաբերություններին»։
ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է Չինաստանի և ԵՄ-ի «ընդհանուր շահերի» մասին՝ կապված «խաղաղության ու անվտանգության հետ», ընդգծելով Բրյուսելի «վճռականությունը»՝ «դադարեցնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և հաստատել արդար ու կայուն խաղաղություն»։
Երեքշաբթի նախագահները կմեկնեն հարավ՝ Պիրենեյան կղզիներ՝ այն վայրը, որտեղ նախագահ Մակրոնն անցկացրել է մանկության արձակուրդները։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ այդ այցի նպատակը «բացառապես դիվանագիտական» է՝ հրաժարվել խիստ արարողակարգից և «անմիջական երկխոսություն ունենալ», մասնավորապես՝ Ուկրաինայի վերաբերյալ։