Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը չի բացառել, որ Կիևի պարտության դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի զորքեր ուղարկել ուկրաինական հակամարտության գոտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան ընկնի, որովհետև եթե դա տեղի ունենա, ապա զգալի հավանականություն կա, որ Ամերիկան ստիպված լինի ներքաշվել հակամարտության մեջ՝ ոչ միայն մեր փողերի, այլև մեր զինծառայողների միջոցով», - ասել է նա:
Ըստ Ջեֆրիսի՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի կանխի ավելի մասշտաբային պատերազմը։
Ջեֆրիսը նաև վստահեցրել է, որ Հանրապետական կուսակցությունում թափ է հավաքում ռուսամետ խմբակցությունը, որին նա մեղադրել է Կիևի ռազմական կարիքների համար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ համաձայնությունը ձգձգելու մեջ:
Նրա կարծիքով՝ այս խմբակցությունը «չի ցանկանում աջակցել Ուկրաինային և կարծում է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամին չէ»։ Ջեֆրիսի համոզմամբ՝ այս ռուսամետ խմբակցությունը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։
ԱՄՆ վարչակազմը բազմիցս ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր տեղակայել Ուկրաինայում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա արևմտյան պետությունների ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցի շուրջ փոխհամաձայնության չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Խորհրդաժողովից հետո հանդիպման մասնակից երկրների մեծ մասի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա։ Օրերս Մակրոնը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցն «օրինականորեն» կբարձրանա, եթե Ռուսաստանը ճեղքի Ուկրաինայի առաջնագիծը, և եթե Կիևը նման խնդրանքով դիմի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է ռազմական կոնտինգենտ՝ Ուկրաինա ուղարկելու համար. նախնական փուլում այն բաղկացած կլինի մոտ 2000 հոգուց: