Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նպատակահարմար է համարում, որ Կիևի համար զենք արտադրվի Ուկրաինայի տարածքում՝ եվրոպական ընկերությունների աջակցությամբ, ինչը թույլ կտա խնայել տրանսպորտային ծախսերը։ Այս մասին Բորելը հայտնել է Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա պաշտպանական արդյունաբերության ֆորումին ժամանելուն պես։
«Կարևոր է, որ արտադրությունն իրականացվի Ուկրաինայում՝ ուկրաինական ընկերությունների կողմից, ԵՄ ընկերությունների աջակցությամբ։ Մենք կխնայենք տրանսպորտային ծախսերը և կարտադրենք զենք այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են», - Բորելի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նշել է, որ ֆորումին մասնակցում են 25 երկրների 140 ընկերություններ, որոնց նպատակն է համապատասխանեցնել ուկրաինական արդյունաբերության կարողությունները եվրոպականի հետ, տեսնել եվրոպական ֆինանսավորումն օգտագործելու հնարավորությունները՝ ավելի արագ և ավելի մեծ քանակությամբ զենք արտադրելու համար։
«Սա երրորդ նման հանդիպումն է։ Առաջինը կայացել է Ուկրաինայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, երրորդը՝ Եվրոպայում։ Եվ արդյունքը պետք է լինի ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը եվրոպական պաշտպանական հնարավորությունների էկոհամակարգին։ Մենք պետք է արտադրենք ավելի շատ։ Մենք պետք է արտադրենք ավելի արագ», - ասել է Բորելը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան լավ անօդաչու թռչող սարքեր է արտադրում, և ԵՄ-ն կարող է սովորել դրանից, բայց միևնույն ժամանակ Եվրամիությունն ունի հնարավորություններ, որոնք կարող են ներդրվել Ուկրաինայում։