ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր
Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում արդիականացված օդերևութաբանական ինքնաշխատ կայանի աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, Շրջակա միջավայրի հետ գործընկերությամբ, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում արդիականացվել է 11 կայան: Այս արդիականացումն ուղղված է եղանակային պայմանների մշտադիտարկման և դիտարկման ճշգրտության բարձրացմանը և երկրի ողջ տարածքի մինչև 80 տոկոս ծածկույթի ապահովմանը՝ հնարավորություն տալով Հայաստանի բնակչությանը տրամադրել առավել հավաստի հիդրոօդերեւութաբանական տեղեկատվություն։
ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը Նորաշենի պետական արգելոցում, որը հանդիսանում է էնդեմիկ հայկական որորի բնադրավայրը, ծանոթացել է Սևան ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և կառավարման պլանին, ինչը հանդիսանում է հիմնարար գործիք Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կառավարման համար։
Դիլիջան քաղաքում տիկին Ժիվկովիչն այցելել է էներգաարդյունավետ շենքեր, որոնք վերանորոգվել և վերազինվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մինչ այժմ Հայաստանի ամբողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով վերանորոգվել են 152 բնակելի և 52 հասարակական շենքեր, այդ թվում՝ 45 մանկապարտեզներ և դպրոցներ՝ այս կերպ էներգասպառումը նվացնելով 40-ից 60 տոկոսով և դրականորեն ազդելով ավելի քան 46,000 բնակիչների բարեկեցության վրա, որոնց ավելի քան 50 տոկոսը կանայք և աղջիկներ են։