Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղներից առնվազն 78 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ անհետ կորած է, հաղորդում է Reuters գործակալությունը։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան այցելել է հեղեղներից տուժած նահանգ իր կաբինետի անդամների հետ՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու փրկարարական և վերակառուցման հետագա աշխատանքները։
Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մայիսի 5-ի դրությամբ դեռ 105 մարդ անհետ կորած է։ Ավելի քան 115 000 մարդ տեղահանվել է։
Վերջին օրերին հեղեղներն ազդել են Ռիու Գրանդի դու Սուլի 500 քաղաքներից երկու երրորդի վրա։ Մի քանի քաղաքներում ավերվել են ճանապարհներ և կամուրջներ, առաջացել են սողանքներ և մասամբ փլուզվել է փոքր հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։
Ըստ իշխանությունների՝ 400 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ նահանգի գրեթե 11 միլիոն բնակչության գրեթե մեկ երրորդը՝ առանց ջրի։
Նահանգի մայրաքաղաք Պորտո Ալեգրեի միջազգային օդանավակայանը մայիսի 3-ից դադարեցրել է բոլոր թռիչքները։