Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ: Նման իրավիճակից խուսափելու նպատակով պարբերաբար մաքրվում և արդիականացվում են գործող հեղեղատար համակարգերը:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ:
Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում: Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ տարիների ընթացքում սակավացող գրունտային հողերի արդյունքում է առաջացել անձրևաջրերի կուտակումների խնդիրը: