Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժամանող աշխատանքային միգրանտների շուրջ իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնի հետ:
«Գործնական և կառուցողական մթնոլորտում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել որոշ արդիական երկկողմ թեմաների վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում, ինչպես նաև միգրացիոն ոլորտում:
Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների գծով փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման մասին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Պատճառը մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանում աշխատանքային միգրանտների նկատմամբ արձանագրված բռնության դեպքերն են:
«Վստահություն է հայտնվել նաև, որ Ռուսաստան՝ այդ թվում՝ Տաջիկստանից ժամանող աշխատանքային միգրանտների շուրջ իրավիճակն արհեստականորեն սրելու որոշ ուժերի վերջին շրջանում ակտիվացած փորձերը համատեղ կկասեցվեն և չեն կարողանա վնաս հասցնել երկու երկրների ժողովուրդների միջև ժամանակով փորձված եղբայրական հարաբերություններին»,- նշել են Կրեմլում: