Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է և տանում է աղետի, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը դեռ չի էլ փորձակվել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Մենք ասում ենք, որ ստեղծված պայմաններում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորման, ամրապնդման, ապահովման լավագույն ճանապարհը մեր լեգիտիմության սահմաններին կանգնելն է: Մենք պետք է ապավինենք միջազգային իրավունքին, մեր լեգիտիմությանը, մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, և պետք է մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանենք՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելով: Այսինքն՝ ստեղծելով մի իրավիճակ, որ մեր շուրջ ագրեսիա չի լինի, զրկելով մեր շուրջ գտնվող ագրեսիվ կողմերին ագրեսիայի դիմելու ցանկությունից կամ նպատակադրումից, ստեղծելով իրավիճակ, որ այդ ագրեսիային դիմելը չբխի իրենց իսկ շահերից կամ լինի անհնար՝ նաև օգտագործելով միջազգային իրավունքի տված գործիքակազմը և, ընդհանրապես, միջազգային հարաբերությունների գործիքակազմը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ իշխող ուժի քաղաքականությանը ուղղված քննադատություններին:
«Դուք ելնում եք զրոյական խաղի տրամաբանությունից, այսինքն՝ ըստ էության, դուք ասում եք (գուցե ուղիղ չեք ասում, բայց այդպես եմ ընկալում ձեր ասածը), որ էդ միջազգային իրավունք, սահմաններ, մեծ հաշվով, կարևոր չեն: Կարևորը հետևյալն է՝ կա՛մ իրենք պետք է մեզ ոչնչացնեն, կա՛մ մենք պետք է իրենց ոչնչացնենք: Այս ելակետից է պետք ելնել, ու, հետևաբար, մենք որևէ գործողության չպիտի գնանք սրանից դուրս, որովհետև մնացած ամեն ինչն անիմաստ է:
Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, այնպես չէ, որ ձեր պնդումը սխալ է միշտ, որովհետև պատմությունը տեսել է դեպքեր (ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ այլ ժողովուրդների և երկրների դեպքում), որ ձեր պնդումը ճիշտ է եղել: Բայց որպեսզի հասկանանք, որ ձեր պնդումը կիրառելի է Հայաստանի ներկայիս իրավիճակի դեպքում, պետք է դիմենք մաթեմատիկայի օգնությանը, պետք է հաշվենք, թե ձեր նշած մարտավարությունն իրագործելը մեր դեպքում իրատեսակա՞ն է, թե՞ չէ: Ցավոք կամ բարեբախտաբար, մենք ձեր պնդումը փորձարկել ենք իրական կյանքում վերջին 30 տարիների ընթացքում, որովհետև, ըստ էության, մեր վերջին 30 տարին այն մասին է, որ, մեծ հաշվով, այդ ելակետից ենք ելել, որ մենք կա՛մ կարողանում ենք պահել, կա՛մ չենք կարողանում պահել»,- ասաց նա:
Ըստ Ռուբինյանի՝ հայկական կողմը չի գնացել լուծումների, արդյունքում ստացել է հնարավոր վատագույն լուծումը, այն է՝ ԼՂ հայաթափումը՝ մտածելով, որ հայ զինվորը որտեղ կարողանում է կանգնել, դա է մեր սահմանը, մինչդեռ սեփական փորձով ենք համոզվել, որ դա բերում է հնարավոր վատագույն լուծման:
«Առաջարկում եմ քննարկումը շարունակել, որովհետև սա է մեխը մեր և ձեր առաջարկած տեսլականների: Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է և տանում է աղետի, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը, ի դեպ, դեռ չի էլ փորձակվել, այսինքն՝ առաջին անգամ ենք ուզում փորձարկել այլընտրանքն այն ճանապարհի, որն ակնհայտորեն տանում է աղետի»,- ասաց նա: