2023-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը գրեթե կրկնակի ավելի է, քան 2022-ին
2023 թվականին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 5070 է: Այս ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ տարի էր: 2023-ին բացահայտման ցուցանիշն այս հանցատեսակի դեպքում նվազել է՝ կազմելով 17,5 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարեց կառույցի ղեկավար Աննա Վարդապետյանը:
«2023-ի ընթացքում քննված քրեական վարույթներով թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակների և վճարային գործիքների միջոցով 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 մլրդ 592 մլն 541 հազար դրամի շրջանառություն»,- ասաց Վարդապետյանը և հավելեց, որ քրեական վարույթներից 15 անձի վերաբերյալ 6 քրեական վարույթների մասով մեղադրական եզրակացություն է ուղարկվել դատարան:
Ընդերքի պահպանման և ընդերքօրգտագործման կանոնները խախտելու հանցակազմի շրջանակում 47 դեպք է արձանագրվել 2023 թվականին: Ըստ Վարդապետյանի՝ դա պայմանավորված է նշված դեպքերի բացահայտման ցուցանիշի աճով:
Ընդերքի պահպանման և ընդերքօրգտագործման կանոնների խախտման առումով աչքի է ընկել Արարատի մարզը: 2023-ին հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ օրենսդրական պահանջները խախտելու և հողը փչացնելու համար: