Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը, որը գտնվում է Ուկրաինայում, հաստատել է 36 միլիոն ֆունտ ստեռլինգի (45 միլիոն ԱՄՆ դոլարի) օգնությունը Կիևին, ինչպես նաև բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ հարյուրամյա գործընկերության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
Նա հայտարարել է, որ պետք է Ուկրաինային տրամադրել այն, ինչ հարկավոր է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում հաղթանակ տանելու համար։
«Լորդ Քեմերոնը նաև հաստատել է 36 միլիոն ֆունտ ստեռլինգի օգնությունն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար, - նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։ -Նախարարը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության՝ բոլորովին նոր համաձայնագրի շուրջ, որն ամուր կապեր կստեղծի մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջ սպեկտրով՝ առևտրից, անվտանգությունից և պաշտպանությունից մինչև գիտություն և տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ և շատ այլ բնագավառներ», - ասված է հաղորդագրության մեջ։
Քեմերոնը, որը Կիև է ժամանել մայիսի 2-ին, նաև խոստացել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն, և դա տեղի կունենա «այնքան, որքան պահանջվի»: