Հավաքների ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր․ ՄԻՊ
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի․ դրանք կարող են սահմանափակվել, սակայն սահմանափակումը պետք է ունենա հիմնավորվածություն:
Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ-ում ՄԻՊ 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:
Անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող հավաքներին՝ ՄԻՊ-ն ասաց. «Նախ, խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի: Բայց հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել: Բայց, ի վերջո, մեր պետական իրավասու մարմինները պետք է ձեռք բերեն բավարար հմտություններ՝ իրավունքի սահմանափակումը և համաչափությունը հիմնավորելու համար: Հակառակ պարագայում մենք անընդհատ գործ ենք ունենալու տարատեսակ խնդիրների հետ: Եվ այո, պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ: Հավաքների խաղաղ բնույթը պետք է երաշխավորվի, հավաքների ազատությունն իրոք կարող է սահմանափակվել, բայց այդ սահմանափակումները պետք է ունենան հիմնավորվածություն»:
Անդրադառնալով ոչ միայն Տավուշում, այլ նաև հանրապետության այլ հատվածներում տեղի ունեցած հավաքների հետ կապված խնդիրներին՝ ՄԻՊ-ն ասաց. «Ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր: Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու և դա չկատարելու հիմքով անձանց ազատությունից զրկելու հետ կապված հարցեր, նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ խնդիրներ, որոնք վերաբերում են, օրինակ, անձին ազատությունից զրկելու հիմքերը և պատճառները նրան չներկայացնելուն և այլն: Բայց, միևնույն ժամանակ, արձանագրել ենք նաև հավաքի մասնակիցների կողմից բռնության, բռնության կոչերի գործադրման անթույլատրելիություն, ատելության խոսքի անթույլատրելիություն»:
Նա հավելեց, որ խնդիրներին չի կարելի նայել միակողմանի: Մանասյանն ընդգծեց պատշաճ երկխոսության կարևորությունը: