Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
Ցավով պետք է նշեմ, որ պատության համար այս օրհասական պահին այդպես էլ քաղաքական ընդդիմությունը չկարողացավ ձեւակերպել հրեշից ազատվելու մեկ միասնական օրակարգ, ինչը, թեկուզ ուշացումով, կկասեցներ պետության գահավիժումն ու դավաճանի կողմից Հայաստանը թշնամուն հանձնելու այս սողացող գործընթացը։
Մեկ անգամ եւս դիմում եմ մեր հասարակությանը, քաղաքացուն, ժողովրդին. հավատացե՛ք, Հայաստանի ճակատագիրը այսօր որոշվում է Երեւանում եւ, մեկտեղելով բոլոր ուժերը, պետք է հավաքվել Երեւանում եւ միասնաբար պարտադրել այս ազգադավ իշխանության հեռացումը։ Իշխանատենչ վիժվածքն ամեն օր ոտքերը մաքրում է ՀՀ սահմանադրության վրա։ Վաղուց արդեն նրա գործողությունները լիգիտիմ չեն։ Այո՛, միայն պարտադրանքի ուժով է հնարավոր ազատվել այս հրեշից։
Խնդրանք-կոչով դիմում եմ Սրբազաններ Բագրատին, Միքայելին, Արշակին. հասարակության մեջ ձեր գործունեությամբ դուք ձեռք եք բերել վստահություն եւ հարգանք։ Դրան նպաստել են նաեւ մյուս եկեղեցիականների ակտիվ պահվածքը։ Խնդրում եմ օրհնությամբ եւ կոչով դիմել մեր հավատավոր ժողովրդին, հասարակությանը՝ միասնաբար փողոց դուրս գալու հորդոր-խնդրանքով։ Իրականությունն այն է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր միակ լիգիտիմ կառույցն է, ով կարող է առաջնորդել Ազգային ազատագրական պայքարը։ Այո՝ պայքարը Ազգային ազատագրական է։ Զոհասեղանին է դրված մեր պետության ճակատագիրը։
Քաղաքացին սպասում է նաեւ երկու Կաթողիկոսների միասնական եւ վճռական խոսքին։ Պետք է ղողանջեն նույնիսկ ամենահեռավոր անկյուններում գտնվող մեր բոլոր եկեղեցիների զանգերը։
Կրկնում եմ՝ առավել քան համոզված եմ, որ այս դեպքում օրերի հարց կդառնա ազգակործան հրեշի հեռացումը։
Այսպես շարունակվելու դեպքում Տավուշի ճակատագրին են արժանանալու Սյունիքը , Գեղարքունիքը եւ ողջ Հայաստանը, ինչը թշնամին արդեն կոչում է արեւմտյան ադրբեջան։
Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար։