Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում:
Նա ներկա է եղել պարսկերենի դասին, որն անցկացվել է նորաբաց դասասենյակում՝ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ։
Իրանից ժամանած հյուրերն իրենց գոհունակությունն են արտահայտել աշակերտների պարսկերենի իմացության վերաբերյալ՝ փաստելով, որ լեզվի ուսուցման մակարդակն իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Հաջորդիվ ԻԻՀ ներկայացուցիչները դիտել են աշակերտների պատրաստած երկլեզու ներկայացումը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և պարսից մեծանուն գրող Սաադիի «Իմաստություն» ստեղծագործությունների հիման վրա։
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային և կրթական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դպրոցը կերտում է ապագա հայ իրանագետին, որն իր նպաստն է բերելու երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությանը։
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ հանդիպումներ և շրջայցեր կրթական ու մշակութային հաստատություններ: