Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Նորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։
Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): Առաջիկա 12 տարում նախատեսվում է ռազմական կարիքների համար հատկացնել ևս 600 միլիարդ կրոն (54,14 միլիարդ դոլար), և ակնկալվում է, որ 2036 թվականին պաշտպանության տարեկան բյուջեն կկազմի 166 միլիարդ կրոն (գրեթե 15 միլիարդ դոլար):
«2024 թվականի կեսերից մենք կհասնենք ՆԱՏՕ-ի երկուտոկոսանոց ցուցանիշին։ Մեր կողմից այսօր իրականացվող ներդրումներն այն ներդրումներն են, որոնք պետք է և կարող ենք իրականացնել, դա հետաձգում չի հանդուրժում»,- ասել է վարչապետը։
Ստյորեի խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորումը պետք է թույլ տա ամրապնդել թագավորության պաշտպանական ներուժը «բոլոր ոլորտներում»: Ըստ որում, նախատեսվում է մեծ ուշադրություն հատկացնել հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդմանը և բանակի ենթակառուցվածքի արդիականացմանը՝ այդ թվում նոր զորանոցների կառուցմանը։
Նորվեգիայի զինված ուժերի զորեղացման ծրագիրը նախատեսում է երկու նոր բրիգադների ստեղծում երկրի հյուսիսում և հարավում, ինչպես նաև մինչև 2036 թվականը զինակոչիկների թվի ավելացում տարեկան 9 հազարից մինչև 13,6 հազար։