Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։
Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկեց „Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia“ ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։
«SE4Resilience» ծրագիրը կխթանի Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը։ Միաժամանակ ծրագիրը քաղաքներին ու համայնքներին կօգնի դիմադրունակ լինել կլիմայական պայմանների փոփոխման դեմ։ Փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքների և մեր կողքին ապրող այն ամենախոցելի անձանց առանցքային դերը, որոնք առերեսվում են կլիմայական փոփոխություններին։ Էներգարտադրության արդար և կենսակայուն հեռանկարն իրատեսական է միայն, եթե բոլոր դերակատարները, վայրերը և հասարակական խմբերը լսելի և ներգրավված լինեն․ այս նշանաբանով է Գերմանիան աջակցություն ցուցաբերում Հայաստանի էներգետիկ զարգացմանը։
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Գերտ Յան Կոպմանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։