Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ԿԸՀ-ում և կզբաղվի բացառապես գումարների ծախսման օրինականության վերահսկողությամբ. Հովակիմյան
Այն խնդիրները, որոնք բարձրաձայնում եք, հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տիրույթն են, որովհետև գումարները փոխանցվել են կուսակցության հաշվեհամարին: Գումարները չեն փոխանցվել նախընտրական հիմնադրամ: Լուծումը, որ առաջարկել ենք, որ տրվի, հենց դա է, որ բոլոր դեպքերում դրամական մուտքերը ուսումնասիրելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս մասին խորհրդարանում պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Հարցը վերաբերում էր նրան, թե քանի խախտում է հայտնաբերել ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ), արդյո՞ք կատարում է իրեն վերապահված գործառույթները, թե՞ ոչ:
«Հենց մեր կուսակցության հետ կապված՝ մամուլում հրապարակումներ եղան վերջին ընտրությունների ֆինանսավորման առնչությամբ: Դա նկատել էր ոչ թե ԿԸՀ-ն, այլ լրատվամիջոցները»,- նշել էր պատգամավորը:
«Առաջարկվող նախագծով բոլոր մուտքերն ուսումնասիրելու է ԿԿՀ-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին թողնվելու է բացառապես գումարի ծախսման օրինականության վերահսկողությունը, այսինքն՝ այն, ինչ սահմանադրական մանդատն է ԿԸՀ-ի: Սա է առաջարկի էությունը: ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չի վերանում, ՎՎԾ-ն չի տեղափոխվում ԿԿՀ: Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և կզբաղվի բացառապես գումարների ծախսման օրինականության վերահսկողությամբ»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով՝ ԿԿՀ-ն այդ գործիքակազմը կունենա, կտա բոլոր հարցերի պատասխանը:
«Մենք կզբաղվենք բացառապես ծախսման պրոցեսով»,- ասաց Հովակիմյանը: